Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր տեղի կունենա շախմատի համաշխարհային 45 –րդ օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը:
Մրցանակների համար պայքար կմղեն ռեկորդային թվով ՝ տղամարդկանց 193 և կանանց 181 թիմեր:
Մեծ շուքով կնշվի մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 100 –ամյակը: Կկազմակերպվի ցուցահանդես, որի ընդգրկուն ծրագրում նախատեսված են վիկտորինաներ, միաժամանակյա խաղի սեանսներ, սիրողական մրցումներ, կոնֆերանսներ և այլն:
Մասնակիցների ուշադրությունը չշեղելու, խաղացողներին չխանգարելու նպատակով կազմկոմիտեն արգելել է էլեկտրոնային սարքերի օգտագործումը:
Շախմատի հարուստ ավանդույթներ ունի Հունգարիան: Հիշենք թեկուզև նշանավոր գրոսմայստերներ Յանոշ Պորտիշին և Պոլգար քույրերին: Նրանցից ամենահայտնի ՝ Յուդիթի անվան հիմնադրամը միջոցառումներ կկազմակերպի պատանի և տարեց շախմատասերների համար: Ցանկացողները կստանան նաև Պոլգար քույրերի ինքնագրեր:
Արժե նշել, որ Հունգարիան դեռևս 1926թ. ընդունել է շախմատի համաշխարհային երկրորդ ՝ ոչ պաշտոնական օլիմպիադան:
Կազմկոմիտեն միջազգային ֆեդերացիայի մեկդարյա հոբելյանի առթիվ ներդրել է նորարարական տեխնոլոգիա. զգայուն խաղատախտակներ, գերարագ անլար ցանց, հոլոգրամներ և այլն: Համաշխարհային 45 –րդ ստուգատեսը նաև կանաչ օլիմպիադա է հանդիսանալու, քանզի հյուրանոց – մրցավայր երթուղում կլինեն միայն հեծանիվներ, էլեկտրամոբիլներ, և, բացի այդ, չի գործածվելու թուղթ ու պլաստիկ իրեր: Այդ ամենի համար կազմակերպիչները նախատեսել են 16, 6 մլն. ԱՄՆ դոլար:
Առաջին տուրի ծրագրով մասնակիցները վաղը կնստեն խաղասեղանների շուրջ: Մրցողների թվում են նաև Հայաստանի թիմերը:
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը մրցավայր է ուղեկցել գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանին, Գաբրիել Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին և Կարեն Գրիգորյանին։
Կանանց համակազմը ղեկավարում է Զավեն Անդրիասյանը: Մեդալների համար կպայքարեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը։
Հավատանք, որ մեր երկրի պատվիրակները հաջողությամբ կզարգացնեն շախմատի հայկական դպրոցի հարուստ ավանդույթները: